Եվ եղավ պատերազմ…

Նոր գիրք` նվիրված Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 1990-1992թթ. ինքնապաշտպանությանը

— Ծանր, հզոր թևերը թափահարելով, աչքերում՝ ամպրոպի հրաշեկ ցոլքեր, քամու և անձրևի շառաչների միջով թռչում էր արծիվը հավերժական լեռների վրայով, և փետուրներից հին կայծակների փշրանքներ էին կաթկթում անտառների ու քարափների վրա։ Վերջին անգամ նա երկինք էր բարձրացել Սասնա ըմբոստ լեռներից, Տարոնի դաշտով, Եփրատի դրախտային ու ողբերգական հովիտների վրայով հասել արաբական անապատները, վրիժառու ըմբոստությամբ շառաչել Դեր-Զորի մռայլ, արյունոտ ավազաբլուրների վրա, հետո հուժկու թևաբախումներով կրկին վերադարձել արծվաբույն հայոց աշխարհ, հավերժության ամբողջ ուժով մոլեգնել Բաշ-Ապարանի ու Սարդարապատի երկինքներում, իր շառաչի արձագանքներով լցրել Սյունյաց լեռները և յոթանասուն տարի անց, որ չնչին ակնթարթ է նրա պես հավերժի համար, ահա գալիս է դեպի թշնամու դեմ բարձրացող մեր ալեկոծ եզերքը։ Այդ արծիվը մեր հայոց ազգի հավերժական ոգին է, որ անցել է երկնային ու երկրային հազարավոր փոթորիկների միջով և ամեն փորձությունից հետո առավել է զորեղացել։ Լավ հիշեք այս ասածս՝ որպես ամենաճշմարիտ դաս, որովհետև այսուհետ այն ձեզ շատ է հարկավոր լինելու…
Ուսուցչի խոսքով հմայված մի պատանի լուսամուտից երկինք էր նայում՝ տեսնելու լեռնաշխարհի վրա սավառնող հավերժական արծվին։ Չտեսավ։ Բայց թվաց, թե դպրոցի տանիքի վրա լսեց նրա թևերի շառաչը։

— Այսօրվանից մենք ընդհատում ենք դպրոցական պարապմունքները՝ մինչև մեր գյուղն ու անտառները մաքրվեն աղետավոր վտանգի մշուշներից։ Այնուհետև կշարունակենք դասերը։ Անպայման։ Հայոց դասերը երբեք կիսատ չեն մնացել։ Վաղվանից դպրոցը կդառնա ինքնապաշտպանության շտաբ, զորանոց կամ գուցե, Աստված չարասցե, դաշտային հոսպիտալ։ Թե ե՞րբ կհնչի հաջորդ դասի զանգը՝ չգիտեմ, բայց ձեզ համար այն սկսվելու է «Դու հավերժ ես, իմ ծննդավայր» թեմայով շարադրությամբ։ Ոչինչ, եթե ես չգամ դասի կամ ձեզնից ոմանք բացակա լինեն։ Դա կլինի հոտնկայս հարգելի փառավոր բացակայություն։ Իսկ հիշյալ շարադրությունն ամեն պարագայում պետք է գրվի։ Դա պարտադիր է։

Հետո երկար, ըմբոստ ու խորհրդավոր հնչեց դպրոցի զանգը։

* * *

Եվ այդ վերջին զանգը ճակատագրական իրադարձությունների սկիզբը չէր։ Սկիզբը, թերևս, Բաղանիս-Այրում և ներքին Աքսիբարա ադրբեջանական գյուղերի միջով անցնող մայրուղու վրա հնչած առաջին կրակոցն էր։ Հայկական պետհամարանիշով մեքենան չէր ենթարկվել ադրբեջանցի պարեկի հրամանին, և վերջինս գնդակոծել էր այն։ Հետո ուրիշ կրակոցներ եղան, զոհեր, վիրավորներ, և այլևս հնարավոր չէր հանդուրժել այդ լկտիությունը։ Հայաստանի տարբեր վայրերից ըմբոստ ազատամարտիկների ջոկատներ եկան, նրանց միացան տեղացի ոչ պակաս ըմբոստ մեծ թվով տղաներ, և Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) քաջազուն զինյալներից մեկի՝ Գեղազնիկ Միքայելյանի առաջին կրակոցով սկսվեց Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի մաքրումը մեր ճանապարհից։ Առաջին այդ կրակոցը եղավ 1990 թվի մարտի 23-ի լուսադեմին։ Չաուշը (այդպես էր Գեղազնիկի ֆիդայական անունը) մինչ այդ հասցրել էր մասնակցել մի շարք այդպիսի կռիվների ու թեև պաշտոնապես հրամանատար չէր կարգված, բայց իր ոգով ու օրինակով առաջնորդեց թշնամական որջի վտանգազերծման ամբողջ ընթացքը։ 1990 թվի մարտի 23-ի վաղ լուսածեգին Բաղանիս-Այրումը կար, 4-5 ժամ հետո էլի քիչումիչ կար, բայց արդեն առանց ադրբեջանցիների, որոնք ոչ միայն գյուղի բնակիչներն էին, այլև նրանց երկրի տարբեր վայրերից եկած □քաջարի□ ազգային վրիժառուներ։ Այսինքն` թալանելու և սպանելու համար ծնված բաշիբոզուկներ, ովքեր իրենց ազգի կայացումից հետո ընկած կարճ ժամանակամիջոցում չէին հասցրել քայլ անգամ հեռանալ նախնիների վայրենաբարո կենցաղից։ Երբ ասացինք՝ գյուղն էլի քիչումիչ կար, նկատի ունեինք վրիժառությունից հետո դեռ կանգուն մնացած ընդամենը որոշ պատեր։ Բաղանիս-Այրումն իր նենգ որոգայթներով այլևս չկար հայկական մայրուղու վրա։ Նույն օրը նույն ճակատագրին կարժանանար նաև գրեթե շարունակություն հանդիսացող հաջորդ՝ Ներքին Աքսիբարա գյուղը, եթե հայ ազատամարտիկների սխրալից ընթացքին հանդիման չելներ ռուսական բանակի մի զորամաս…

Բաղանիս-Այրումը, որպես թշնամական բնակավայր, այլևս չկար։ Բայց նրա միջով անցնող մայրուղու վրա տնօրինություն էր հաստատել պարեկային ծառայությունը, որի գործունեության գերնպատակը մեր ճանապարհից վերացած գյուղի համար վրեժխնդրությունն էր։ Եվ տարածքը մեզ համար շարունակում էր մնալ ոչ պակաս վտանգավոր, քան գյուղի գոյության օրոք էր։ Ներքին և Վերին Աքսիբարա գյուղերը սահմանի վրա դեռ կային, ուր իրենց նենգ ծրագրերով ելումուտ էին անում Բաքվից, Գանձակից ու այլ վայրերից եկող ադրբեջանցի օմոնականները, այսպես ասած՝ ազգային ճակատի և թշնամական այլ կառույցների լավ զինված թափթփուկները։ Վերին Աքսիբարան նույնիսկ սահմանի վրա չէր, այն ամբողջությամբ մեր տարածքում էր, Ոսկեպարի դիմաց՝ ձորի ձախ ափին, և այնտեղ նրա շարունակական գոյությունն այլևս անհամեմատելի էր այն ամենի հետ, ինչ կատարվում էր այդ օրերին։ Տարածքով անցնող Նոյեմբերյան — Իջևան մայրուղուց հայ մարդկանց առևանգումները գնալով դառնում էին հաճախակի։ Նրանցից հատուկենտ երջանիկների էր բախտ վիճակվում կրկին վերադառնալ՝ կամ վիթխարի փրկագներով, կամ ավազակային գործողությունների ժամանակ մեր տարածքում գերված թուրքերի հետ փոխանակումով։ Հիմնականում, ըստ իրենց դարավոր ձեռագրի, թալանում էին, խոշտանգում և սպանում՝ հատուցում պահանջելով վերադարձնելով նրանց այլակերպված դիակները։ Մի քանի այսպես առևանգվածների ճակատագիրն անհայտ է մինչև օրս։ Ընդդեմ այս արհավիրքի ոտքի ելան Նոյեմբերյանի երկրապահ կամավորական տղաները՝ Գարիկ Շառոյանը, Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո), Սոս Բուդաղյանը, Վոլոդյա Խասիկյանը (Վալի), Հարություն Մալինյանը, շատ ուրիշներ։ Գերելու, սպանելու եկած մի շարք բաշիբոզուկներ նրանց ձեռքով դարձան գերի ու զոհ։

Ծանր ու դժվար այդ օրերին բոլորի հայացքները սևեռված էին աշխարհագրական դիրքով շրջանի մյուս բնակավայրերից կտրված, այլևս անխուսափելի ասպատակումների թիրախ հանդիսացող Ոսկեպար գյուղին։ Եվ հասունացած ու անխուսափելի էր երկրորդ ռազմական գործողությունը։

Ոսկեպարը, ընդհանրապես Նոյեմբերյանը, մենակ չէր այս բարդ ու դժվարին իրավիճակում։ Հանրապետության տարբեր վայրերից գալիս էին ֆիդայական զանազան խմբեր, նույնիսկ անհատ խիզախներ, որոնք գյուղի մերձակա անտառներում կազմ ու պատրաստ սպասում էին իրադարձությունների ընթացքին։ Եվ այն, ինչ պիտի լիներ, չուշացավ։ Ամեն ինչ սկսվեց 1990 թվի օգոստոսի 19-ի վաղ առավոտյան, Ղազախի տարածքից Վերին Աքսիբար զենք ու գրոհային բաշիբոզուկներ բերող ավտոբուսի գնդակոծումով։ Լուսաբացին արևն արյունոտ բարձրացավ՝ այստեղ ունեցանք առաջին զոհը, որ Կրասնոդարից եկած Աշոտ անունով մի խիզախ երիտասարդ էր։ Այնուհետև դեպքերը զարգացան խելահեղ արագությամբ։ Նոյեմբերյանցիների զինախմբերից բացի, կռվում էին Հրազդանից, Շիրակից, Աշտարակից ու այլ տարածքներից եկած ջոկատները։ Անկախ այն բանից, թե հետո ինչ մեղադրանքներ բարդվեցին ՀԱԲ-ին, նրա զինյալները Ոսկեպարի տակ, խնձորի այգիներում ու Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում սխրանքներ էին գործում։ Հիանալի էին կռվում նոյեմբերյանի խմբավորումները, որոնք ազատագրական պայքարի մեջ էին մտել որսորդական հրացաններով, ինքնաշեն պարզունակ զենքերով։ Այսպիսի կռիվ եղել է Սասունում ու Զեյթունում, Մուսա լեռան բարձունքներում ու Վանի այգեստանում…

Չկային գաղափարական հակասություններ ու որտեղացիության խնդիր։ Կար միայն մեկ բան՝ ազգային ուժեղ և ըմբոստ ոգի, որ արծվի նման շառաչում էր թշնամական հողմի դեմ։ Այսպես էր կռվում Սարի թաղի Վրեժը՝ գնդացրով կանգնած զրահամեքենայի դեմ։ Այսպես էր կռվում ասորի Միրզոև Մայիսը (Ճայ)։ Բոլորն էին այսպես կռվում։ Եվ ո՞ւմ դեմ։ Ոչ թե զուտ ադրբեջանական զինյալ խառնամբոխի, որին ոչնչացնելը որևէ դժվարություն չէր պահանջի, այլև ռուսական կանոնավոր բանակի, որ ռազմական իր հզոր միջոցներով դուրս էր եկել հայրենի հողը պաշտպանող անձնուրաց տղաների դեմ՝ բացեիբաց համագործակցելով թուրքերի հետ։

Ու, թերևս, ճիշտ չէ դրան պարզապես ռուսական բանակ անվանելը։ Կոմունիստական կործանվող կայսրությունն այլևս նման էր մեջքը ջարդված վիշապօձի, որ ցավից գալարվելով խայթում էր աջ ու ձախ՝ շաղ տալով իր սև թույնի վերջին պաշարները։

…Ոսկեպարի երկրորդ կռիվը տևեց 1990 թվի օգոստոսի 19-ից մինչև 21-ը։ Եղան բազմաթիվ հերոսացումներ ու, ցավոք, նաև զոհեր՝ թանկ ու սիրելի կորուստներ, որոնց հոգիները բարձրացան երկինք, խառնվեցին հայոց աշխարհի վրա շառաչող հավերժական արծիվներին…

«Երևան. 7օր»,
5-8 փետրվարի, 2005 թ., թիվ 8

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.