Վիրավոր օձի թույնը

Մեջքը ջարդված, նենգափայլ աչքերում ոխ ու չարություն, դեղին երախից սև լեզուն ներսուդուրս անելով` օձը գալարվում, հուրհրատում է արևի տակ, և թեկուզ գլուխը ջարդիր` նրան մահ չկա մինչև մայրամուտ: Այդպես է, օձը մեռնում է մայրամուտից հետո: Եվ սարսափելի է վիրավոր օձի թույնը: Եթե մենք սպասեինք իրիկնանալուն, սպասեինք այնքան, մինչև կայսրություն ասվածի գալարվող մարմինն անշարժանար ու սառչեր, գուցե թե այսչափ կորուստներ չտայինք: Իմ ընկեր Հարություն Մալինյանը խփվեց մայիսի երեքի առավոտյան, Հարսնաքար լեռան լանջին` Ոսկեպարից Բաղանիս անցնելիս: Հիվանդանոցի փոքրիկ սենյակում ես տեսա նրա մահվան պահը: Տեսա ռուսական արկի բեկորը, որ բժիշկները հանել էին նրա կրծքավանդակից: Այն կրակել էր ռուս զինվորը:

Երկու օր անց՝ մայիսի հինգի լույս վեցի գիշերը, եղավ առավել սարսափելին:Ոսկեպար մեկնող միլիցիայի կարգախումբն ընկավ զինվորների ծուղակը, ովքեր առանց որևէ նախազգուշացման գնդակոծեցին նրանց:

Տասը հոգի սպանվեցին, մյուսներին ռազմական մեքենաներով տարան, հանձնեցին թուրքերին: Այդ բանն արեցին ռուս զինվորները: Թե՛ Ոսկեպարի անտառում, թե՛ Արցախի սարերում նրանց ավտոմատներից վիրավոր կայսրության թույնն էր արձակվում մեր դեմ: Եվ ո՞ւմ հրամանով. Պուգոյի՛, Յազովի՛, Կրյուչկովի՛, պրեզիդենտի մտերիմ կամակատարների: Իհարկե` նրա ցանկությամբ, դա վաղուց անվիճելի է: Եվ հանկարծ լսում ենք, որ նրա այդ մտերիմները դավաճանել են: Երևի այդ ստոր դավադրությունից փորձանքներ պիտի գային նաև բազմաչարչար մեր ժողովրդի գլխին, ուրեմն լավ էր, որ օգոստոսի 19-21-ի դեպքերն այսպես ավարտվեցին: Լավ էր, որ Հայաստանի ղեկավարները ճկուն և ճիշտ կողմնորոշվեցին: Մոսկվայի փողոցներում զոհված երեք տղաներն արժանացան հերոսի կոչման: Դրան էլ դեմ չեմ: Եվ իմ ի՞նչ գործն է, որ դեմ լինեմ կամ չլինեմ: Իմը իմ ցավն է, կորուստները,  տագնապներն ու վիրավորանքը:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի դարձյալ 19-ից 21-ը, ռազմական ուղաթիռները զարհուրելի դաժանությամբ գնդակոծում էին Ոսկեպար գյուղը: Ո՞վ էր ասում, թե այդ ինչ եք անում: Ո՞վ էր մտածում Հայոց ոստանի խիզախ տղերքին  հերոսի կոչման ներկայացնել: Խնձորկուտում Վրեժը մեն-մենակ, ամբողջ հասակով կանգնել էր ուղղաթիռների կրակի տակ ու, իմ կարծիքով, չէր մտածում ոչ հերոսության, ոչ էլ զոհվելու մասին: Կանգնել էր մահվան կրակի տակ ու կարծես ասում էր` կենդանի եմ, մին էլ արի: Ի՞նչ էր մտածում այդ ժամանակ պրեզինդետը: Նոյեմբերյանի գերեզմանոց չմտած, ձախ կողմի հարթեցված տարածքում կողք-կողքի նիրհում են յոթ թարմ շիրիմներ: Մայիսի վեցին ռուսական զենքով սպանված շրջկենտրոնի բնակիչ տղաներն են` Արտաշը, Ստեփանը, Մարտիկը, Աշոտը, Սաշիկը, Սպարտակը, Վաչեն: Մյուս սպանվածները այլ գյուղերից էին: Մեկ օրում` տասնչո՜րս դագաղ: Ո՞վ ասաց, թե այդ ինչ դագաղներ են:

Պուգո, Յազով, Կրյուչկով անուններից վաղուց ի վեր մեզ համար արյան հոտ էր փչում, և նրանց կործանումը, իհարկե, իմ սրտովն էր: Բայց պրեզիդենտի անունն էլ մեր ներսը չի լցնում զմայլելի բումունքով, ու չեմ հավատում, թե փրկությունից հետո նա պիտի դառնա իմ ժողովրդի արդար ու բարեգութ հովանավորը: Ուրե՞մն մենք մնում ենք մեր ցավի հետ: Մեր սիրտը, որքան էլ  կորուստների մորմոքից խեղճացած, ընդունակ է հրճվելու, բայց մե՛ր փրկության համար և ոչ թե առանձին քաղաքագետների կամ քաղաքական վիճակների: Ամենաշատը կարող ենք պրեզիդենտին ցավակցել կարճատեսության ու խաբվածության համար, որից այնքա՜ն աղետներ թափվեցին հատկապես մե՛ր գլխին: Բայց այնքան էլ համոզված չեմ, թե դա այդպես է, և խունտայի` այժմ հարցաքննվող որոշ անդամների, կուզենայի մի հարց տալ. դո՞ւք էիք նախաձեռնում մեր դեմ կատարվող արյունոտ սադրանքները, թե՞ ինչ-որ մեկը դա   պարտադրում էր ձեզ…

Քաղաքական դեպքերի խռիվ հորձանքում ես փնտրում եմ մեր ժողովրդին պարզված ուժեղ մի ձեռք և չեմ տեսնում: Եվ ամաչում եմ սեփական մտածողությունից. իսկ ո՞վ պիտի  պարզի ձեռքը և ինչո՞ւ: Ուժեղն ապրում է, թույլը` կործանվում, չկա ուրիշ ճշմարտություն: Որպեսզի ուժեղ լինենք, պիտի առողջ լինենք: Իսկ առողջ լինելու համար պիտի կարողանանք մեզ մաքրել ախտերից: Փոքրիկ Հայաստանը խեղդվում է զանազան հոսանքների ու խմբակցությունների առատությունից, որոնցից յուրաքանչյուրին թվում է, թե ինքն է ազգի փրկիչը: Ո՞ւմ են հարկավոր այդ քամիները: Ո՞ւմ են հարկավոր խորհրդարանային ձանձրալի ու տհաճ վեճերը, որոնք հաճախ բխում են անձնական հարաբերություններից:

Ժողովրդի մեծ մասը տառապում է նյութական կարիքներից.  ճարպկորդի ձեռնածուների ժամանակ է: Թրի մի հարվածով սպեկուլյանտը դարձավ գործարար, խաբեությունը կոչվեց բիզնես, անարխիան` շուկայական հարաբերություն: Ա՛յս մասին պիտի մտածենք: Երևանի մայթերին հազարավոր սեղաններ են շարված արտասահմանյան առասպելագին բարիքներով: Որտեղի՞ց: Մեկը Ռուսաստանում պայմանագիր է կնքում` խոստանալով ուղարկել մեկ վագոն կաբել, երկու վագոն շիֆեր: Եվ ուղարկում է, ինչպե՞ս: Մենք պարտավոր ենք իմանալ այս հարցերի պատասխանները:

Սակայն անվիճելի է, որ առաջնայինը հանրապետության և ժողովրդի պաշտպանությունն է: Ռազմական գործից երբեք ոչինչ չեմ հասկացել և միշտ վախեցել եմ որևէ կարծիք հայտնել: Բայց ապրիլի վերջին սահմանային տարածքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով Նոյեմբերյան եկավ մի, այսպես ասած, կոորդինատոր, և ես հասկացա, որ… կարելի է նաև խորհրդատու լինել մի գործի, որից չնչին գաղափար անգամ չունես: Ո՞վ էր  ուղարկել այլմոլորակայինի պահվածքով այդ խեղճուկրակին: Չհասցրի հարցնել, որովհետև աղետի առաջին նշանների հետ խիզախորեն ճողոպրեց սահմանային տարածքից: Ահա թե ինչպիսի բաներ են մեզ համար առավել վտանգավոր:

Եռօրյա ավանտյուրան կործանվեց, և այժմ երկրում նախկին կարգերն են, նախկին պրեզիդենտը: Ինձ, որպես հայ մտավորականի, այո՛, ամենից շատ ուրախացնում է դեպքերի ընթացքում Հայաստանի ղեկավարության արժանապատիվ պահվածքը, այն, որ շատերի նման խամաճիկ չդարձանք քաղաքականություն կոչվող հրեշի ձեռքին: Եվ շատ կուզենայի, որ միշտ այսպես լիներ ու չկրկնվեին անցյալի սխալները: Մենք սխալվելու իրավունք չունենք, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ոչ թե իրեն զգալ ազգի փրկիչ, այլ նրա ճակտագրի պատասխանատու: Մեր բեռը խաչ է, ո՛չ դափնեպսակ: Եվ ամեն պահ, երբ մոռանանք այդ բանը, պիտի հայտնվենք վիրավոր օձի տարածքում: Զգու՜յշ, հարազատս, սարսափելի է վիրավոր օձի թույնը: Դեպքերից առաջ մի՛ ընկիր, մի՛ խաբվիր, անտեղի մի՛ խիզախիր: Տե՜ս, մեջքը ջարդված, նենգափայլ աչքերում ոխ ու չարություն, դեղին երախից սև լեզուն ներսուդուրս անելով` օձը ո՜նց է գալարվում, հուրհրատում արևի տակ: Նա քո ճանապարհին է, փորձության մի՛ ենթարկիր քեզ, սպասիր, մինչև օրն իրիկնանա, և սառչեն նրա արյունոտ, հուրհրատող գալարները:

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Գրական թերթ» 30.08.1991թ.

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.