Վիրավոր օձի թույնը

Մեջքը ջարդված, նենգափայլ աչքերում ոխ ու չարություն, դեղին երախից սև լեզուն ներսուդուրս անելով` օձը գալարվում, հուրհրատում է արևի տակ, և թեկուզ գլուխը ջարդիր` նրան մահ չկա մինչև մայրամուտ: Այդպես է, օձը մեռնում է մայրամուտից հետո: Եվ սարսափելի է վիրավոր օձի թույնը: Եթե մենք սպասեինք իրիկնանալուն, սպասեինք այնքան, մինչև կայսրություն ասվածի գալարվող մարմինն անշարժանար ու սառչեր, գուցե թե այսչափ կորուստներ չտայինք: Իմ ընկեր Հարություն Մալինյանը խփվեց մայիսի երեքի առավոտյան, Հարսնաքար լեռան լանջին` Ոսկեպարից Բաղանիս անցնելիս: Հիվանդանոցի փոքրիկ սենյակում ես տեսա նրա մահվան պահը: Տեսա ռուսական արկի բեկորը, որ բժիշկները հանել էին նրա կրծքավանդակից: Այն կրակել էր ռուս զինվորը: Շարունակել կարդալ “Վիրավոր օձի թույնը”

ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր շուրթերից հնչող ամեն բառ ցավի ճիչ է, ներսում զսպված ամեն զգացում՝ ինքնատանջ տվայտանք, և արդեն ուշ է հավատ- աղերսանքով նայել երկինք, թե՝«Տե՛ր, մի՛ տար զմեզ ի փորձություն»: Ես, որ հավատացել եմ Աստծու գթությանը, հիմա պարտադրված եմ խոստովանել. մեր երկնքում ո՛չ արդար ուժ կա, ո՛չ լուսավոր խիղճ, մեր երկինքը դատա՜րկ, դատարկ է, հարազատներս: Բիբլիական այս մի բուռ հողի վրա մենք ենք ու մեր անընդհատ նորոգվող տառապանքը: Ու երկրաշարժ կոչվող այս զարհուրելի պատիժը՝ բազմաքանակ մահերով ու վիրավորներով, զանգվածային փլուզումներով: Նա հասավ մեր ամենադժվարին պահին, երբ հոգու վիրավորանքից տնքալով մտածում էինք, թե ինչպե՞ս, որտե՞ղ տեղավորենք իրենց բնակավայրերը թողած տասնյակ հազարավոր մեր հարազատներին: Վրա հասավ ահավոր դաժանությամբ՝ մեզ ազգովի դարձնելով սգո տառապալի թափոր… Շարունակել կարդալ “ԽՈՍՔ ՑԱՎԻ ԵՎ ԱՌՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ”

ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ

Չնայած մամուլով և հեռուստատեսությամբ անընդհատ լսում ենք, թե դարավերջի ազատամարտին գրողները չեն անդրադառնում, սակայն անընդհատ նորանոր գրքեր են հայտնվում ընթերցողների սեղաններին:Հատկապես ՝ վավերագրություններ: Ճիշտ է, որ  դրանցից եզակիներն են գրված հավաստի տվյալների հենքի վրա և բավարար գրագիտությամբ:

Այդ եզակիներից է Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը: Այն կարդացվում է հաճույքով և մեկ շնչով, լեզուն անպաճույճ է, ոճը՝ գայթակղիչ: Հեղինակը հենց առաջին էջերից ընթերցողի համար թակարդներ է պատրաստում, խոսում ակնարկներով: Վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների և գործողության մութ էջերի բացահայտման մասին է: Շարունակել կարդալ “ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՏՆՔՈՑԸ”

Գիրք՝ ապրելու ժամանակների

«Կյանքս չի փոխվել իմ ծննդյան օրից: Ես աճել, զորացել եմ անթիվ հազարամյակների ընթացքում»:

Ջեկ Լոնդոնի այս իմաստությունն է իր «Ոգեկանչը» գրքի բնաբան ընտրել Իգնատ Մամյանը: Մարդը ծնվում է ինչ-որ թվականի, բայց նրա ոգին ծննդյան թվական չունի: Այն գալիս է անհիշելի ժամանակներից, գալիս է ամեն ինչ տեսած, ամեն վերելք ու վայրէջք ապրած, գալիս է երջանիկ ու ապաբախտ, հաղթանակած ու պարտված, այդ ամենի մեջ մշտական երիտասարդություն նվաճած, գալիս է «խաչակիր անցյալով» ու ապագայի երազանքներով: Եվ նա, այդ ոգին, այդ աննկուն ուղևորը, առաջինը ճանաչում է իրեն անցյալում, հետո միայն ներկայում:

Շարունակել կարդալ “Գիրք՝ ապրելու ժամանակների”

Կարևոր ներկայություն

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
«Գրական թերթ», 02/11/2007

Մեր Իգնատ Մամյանը բազմաշնորհ գրող է, ասացի՝ մեր, որովհետև նա բոլորին է պատկանում և ոչ թե գրական հոսանքի այս կամ այն երևույթին: «Հանդի հաց», «Երկնաքարեր», «Ոգեկանչ», «Վայրի մեղր» Ժողովածուներում նա զգացմունքային բանաստեղծ է, «Մեթերհեմ բանտի կալանավորը», «Վիրավոր լեռան ճիչը» և «Մարտնչող լեռնահովիտ» գրքերում՝ կյանքը հիանալի ճանաչող վիպասան, նաև տասնյակ պատմվածքներ, ակնարկներ ու էսսեներ է գրել: Նրա գլխավոր ժանրերից է և հրապարակախոսական հոդվածը, այստեղ նա գտնվում է մեր լավագույն հրապարակագիրների շարքում և, հակառակ ոմանց, չի նեղվում այդ հարևանությունից, քանի որ ունի և՛ կենսական ասելիք, և՛ արտահայտման ինքնահատուկ միջոցներ: Շարունակել կարդալ “Կարևոր ներկայություն”

ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Սիրելի՛ Իգնատ, թվում էր՝ անչափ հեշտ պիտի լինի քո մասին փոքրիկ մի խոսք գրելը. երկար տարիների մտերիմ ընկերոջ ու գրչեղբոր, խորունկ բանաստեղծի ու կրակոտ հրապարակախոսի մասին, ում հետ կապված հիշել- ասելու այնքա՜ն շատ բան կա: Բայց արի ու տես, որ հենց դա էլ ինձ խանգարում է կարծես, ո՞րն ասել ու ո՞րը թողնել, ինչի՞ց սկսել: Գուցե մեր առաջին իսկ «հանդիպումից» «Ավանգարդ» թերթի գրական էջում՝ «Երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ» խորագրի ներքո: Բանաստեղծություններդ այնտեղ իսկույն գրավել էին ինձ քնարական շնչով ու անկեղծությամբ, իսկ կատարման վարպետությունը, զարմանալի սահուն, բարեհունչ հանգավորումը, ճիշտն ասած, նույնիսկ կասկած էին հարուցում. իրո՞ք երիտասարդ կամ սկսնակ բանաստեղծ է էջի իմ հարևանը… Շարունակել կարդալ “ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ”

ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ

Հին ընկերոջս

22082014

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներով, լույսով,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հին մի քանիսով:

Մենք եմ ասում, սակայն ես ձերը չեմ արդեն,
Ոչ էլ իմն եմ, ոչ էլ մեկինն այս աշխարհում,
Ես մշուշի խորքում տարուբերվող լապտեր
Ու չգիտեմ՝ արդյոք ում համար եմ վառվում… Շարունակել կարդալ “ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ”

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

yerkircnndavayrԿան գրողներ, ովքեր հաճախ են գրում ծննդավայր – եզերքի մասին, կան և գրողներ, ովքեր յուրօրինակ գրողական ճակատագրով են կապված իրենց բնօրրանի հետ: Այսպիսին է և գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը, ում համար անսպառ է այս թեման, ինչպես անսպառ է նրա սերը ծննդավայր Նոյեմբերյանի ու նրա աշխատավոր մարդկանց հանդեպ: Շարունակել կարդալ “ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ”

ԱՂՈԹՔՆԵՐ ՄՈՐՍ ՇԻՐՄԻՆ

Օգոստոսի 22-ը բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
Իգնատ Մամյանի ծննդյան օրն է…

* * *

1. Թաղում

Ձյուն էր, դագաղ ու քամի,
Ու մրսող թափոր:
Դեմքը հպած դագաղին՝
Տնքում էր մի որբ:

Ծեր էր մայրը դագաղում,
Եվ քիչ էր լացը…
Որբը այնպե՜ս էր ուզում
Հեկեկալ բարձր,

Նա տնքում էր ու երդվում
Մշուշից ձյունե,
Թե մայրերը ծերություն
Եվ տարիք չունե՜ն… Շարունակել կարդալ “ԱՂՈԹՔՆԵՐ ՄՈՐՍ ՇԻՐՄԻՆ”

«Ծմակուտը ես եմ…»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ
«Գրական թերթ», 23.11.1984 թ.

* * *

– Ձեր առաջին գրական ելույթից անցել է քսանհինգ տարի: Ի՞նչ կասեք Ձեր անցած ստեղծագործական ուղու, Ձեր թեմայի մասին, ինքներդ ինչպե՞ս եք գնահատում քսանհինգ տարվա Ձեր գրական վաստակը:

– Քիչ եմ գրել և դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Շարունակել կարդալ “«Ծմակուտը ես եմ…»”