ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։ Շարունակել կարդալ “ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ”

Ձյուն է գալիս

Ձյուն է գալիս։
Երկինքն աչքիս
Մի տխրամած հուշ է դառնում։
Ինձ թվում է՝
Աշնանն օտար երկիր չված
Կարապներն են
Հեռուներից վերադառնում,
Որ գտնելով մանկության ջինջ Շարունակել կարդալ “Ձյուն է գալիս”

ՁԻԱՎՈՐՆԵՐՍ

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ,
Ո՞վ ինձ անիծեց, հանցանքս ո՞րն էր..

Այն ե՞րբ էր, այն երբ. չդիմանալով
Վիրավորներիս վերքերի ցավին՝
Նրանք գնացին ինչ-որ աշխարհից
Բերելու ինչ-որ անմահական ջուր:
Որտե՞ղ մնացին,
Ինչո՞ւ ուշացան:

Հպում եմ հողին ականջս թաքուն՝
Լսելու հեռվից դոփյուն ու խրխինջ,
Բայց ցա՜վն է միայն աճում իմ հոգում,
Ես հեռուներից չեմ լսում ոչինչ: Շարունակել կարդալ “ՁԻԱՎՈՐՆԵՐՍ”

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ

Ա-ին

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ։

Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա, որպես քո մի տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից։

Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չկպչի՜ քարի,
Ու հիմա, որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից…

Քեզ բարի ճամփա, գնա՜, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ի՜նձ գտնելու…

© Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»,  «Նաիրի» հրատարակչություն, 1999։
«Հանդի հաց», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978:

Երաժշտությունը՝ Աշոտ Առուստամյանի
Կատարումը՝ Անի Բալասանյանի
Աբովյանի «Ակունք» ստուդիա, 17 ապր, 2014 թ.